|

Մամլո հաղորդագրություն
24.10.2008
Հայտնաբերվել է Հայոց ցեղասպանությունը փաստող կարևոր մի
լուսանկարի բնօրինակը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի
կողմից տարվող հետազոտական և հավաքչական աշխատանքների արդյունքում
արձանագրվեց ուշագրավ նոր բացահայտում: Վերջին ձեռքբերումը Հայոց
ցեղասպանությանն առնչվող խիստ կարևոր մի լուսանկարի բնագրի
հայտնաբերումն է:
Լուսանկարն
արվել է 1915թ. Կովկասյան ճակատում, ռուս զինվորականի կողմից: Այն
պատկերում է Մուշի շրջանում տեղի ունեցած կոտորածների ընթացքում
հրկիզված հայկական գյուղերի բնակիչների մասունքները:
Լուսանկարը
եզակի է: Այն 1917թ. Թիֆլիսում հրատարակված «Գաղթականական ալբոմի»
լավ պահպանված լուսանկարներից մեկն է: Ալբոմը բաղկացած է 62
բացառիկ լուսանկարներից, որոնք ներկայացնում են հայերի դեմ
իրագործված մասսայական սպանությունը: Սակայն 62 վերոհիշյալ
լուսանկարների բնօրինակներից պահպանվել են միայն մի քանիսը, ընդ
որում` հիմնականում վատ վիճակում:
Այսպիսով, «Գաղթականական
ալբոմում» զետեղված լուսանկարների վավերականությունը փաստվում է
այս եզակի և լավ պահպանված լուսանկարի միջոցով: Լուսանկարի հակառակ
կողմում ռուսերեն լեզվով մակագրված է «Թուրքական զորքերի կողմից
կենդանի այրված հայերը Շեյխալան գյուղում»: Ավելին, լուսանկարը
թվագրված է 74 թվանիշով, ինչը վկայում է ռուս զինվորների կողմից
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին արված լուսանկարների
ավելի մեծ հավաքածուի գոյության մասին:
ՀՑԹԻ-ն հետամուտ է հայտնաբերելու և համալրելու
հավաքածուի մյուս լուսանկարները, ինչը կնպաստի
Ինստիտուտի նախաձեռնած աշխատանքների հաջողությանը` 20-րդ դարի
առաջին ցեղասպանությանն առնչվող լուսանկարների և այլ փաստաթղթերի
ու վավերագրերի հավաքագրմանը:






|