| |
|

ՎՐԱՍՏԱՆԻ
ԻՇԽԱՆՈՒԹԻՈՒՆՆԵՐԸ ԿԸ ՓՈՐՁԵՆ ՈՉՆՉԱՑՆԵ՞Լ ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅ
ԲՆԱԿՉՈՒԹԻՈՒՆԸ
2008թ.
հուլիսի 17-ին Ախալքալաքի ոստիկանության ղեկավար Սամվել Պետրոսյանի
տան մոտ պայթյուն է հնչել, որի արդյունքում ոչ ոք չի տուժել:
Պայթյունից անմիջապես հետո Վրաստանի ուժային կառույցները սկսել են
հետապնդել «Միասնական Ջավախք» ժողովրդավարական ալյանսի անդամներին:
Շարժման տասնյակ անդամներ ձերբակալվել են, նրանց տներում
զննություն է անցկացվել, ոստիկանության աշխատակիցները, ջարդելով
մուտքի եւ գրասենյակի դռները, երկու անգամ ներխուժել են
Երիտասարդական ռադիոյի շենք, որը պատկանում է ալյանսին, եւ էական
վնաս են հասցրել շենքին: Վրաստանի ոստիկանության թվով 50 զինված
աշխատակիցներ ներխուժել են Ժողովրդավարական ալյանսի ակտիվիստ,
«Ջավախքի սկաուտների շարժման» ղեկավար Գուրգեն Շիրինյանի հայրական
տուն եւ խուզարկություն են անցկացրել: Խուզարկության ընթացքում,
որը կատարվել է առանց դատախազի թույլտվության, ինչպես դա պահանջում
է օրենսդրությունը, տարօրինակ հանգամանքներում սպանվել է
ոստիկանության աշխատակիցներից մեկը՝ ազգությամբ հայ, Բարալեթ
գյուղի բնակիչ 23-ամյա Արթուր Բերուջանյանը: Կատարվածի մեղքը
բարդվեց Գ.Շիրինյանի վրա, որի գտնվելու վայրը այժմ հայտնի չէ:
Տեղեկություններ կան, որ Վրաստանի հատուկ ջոկատայինները հրաման են
ստացել գտնելուն պես սպանել Գուրգեն Շիրինյանին, այսինքն նպատակ է
դրված ոչնչացնել վկային, որը կարող է քննության ընթացքում
ճշմարտությունը ներկայացնել: Վրաստանի կենտրոնական «Ռուսթավի-2»
հեռուստակայանը հուլիսի 19-ին ռեպորտաժ է ներկայացրել կատարվածի
մասին, որտեղ Գ.Շիրինյանը ներկայացվել է որպես զինված ավազակային
հարձակման մասնակից: Հեռուստաընկերությունը հաղորդել է նաեւ, որ
Գ.Շիրինյանը ոչ մի կապ չունի «Միասնական Ջավախք» ժողովրդավարական
ալյանսի հետ: Ինչպես հաղորդում է «Բաղին» լրատվական
գործակալությունը Ջավախքից, Ախալքալաքում ոստիկանություն բերման են
ենթարկվել շուրջ երկու տասնյակ մարդիկ: Հայկական շրջանում
կենտրոնացվել են մեծ թվով վրացի հատուկ ջոկատայիններ: «Ակնհայտ է,
որ այս պայթյունը հերթական սադրանքն է, որի վերջնական նպատակն է
հայկական տարածաշրջանն առավել վերահսկվող դարձնել վրացական ուժերի
կողմից, իսկ հիմնական խնդիրն է՝ ոչնչացնել ազգային տարրը
Ջավախքում: Այդ հանգամանքը հատկապես նշանակալի է Բաքու-Ջեյհան եւ
Կարս-Ախալքալաք պանթուրքիստական նախագծերի անվտանգության ապահովման
համատեքստում: Հայտնի է, որ Ախալքալաքում եւ հարեւան շրջաններում
բազմահազարանոց հանրահավաքներ կազմակերպող «Միասնական Ջավախքը»
գործուն, ամենաազդեցիկ քաղաքական տարրն ու միասնական ուժն էր, որն
ի զորու էր կազմակերպել ժողովրդի դիմադրությունը Ջավախքի
վրացկանացմանն ու նշված պանթուրքիստական նախագծերին: Այս ամենը
կատարվում է Հայաստանի իշխանությունների լռելյայն համաձայնությամբ
եւ աջակցությամբ: Իսկ Ախալքալաքի տեղի իշխանությունները, եւ
հատկապես, ոստիկանության մարմինները վաղուց ի վեր վերածվել են
կույր գործիքի Վրաստանի իշխանությունների ձեռքին»,-նշում է
«Բաղինը»:

|
|
|